2 Chronicles 7
1 Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։
2 Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։
3 Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։
4 Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։
5 Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։
6 Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
7 Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։
8 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։
9 Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։
10 Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։
11 Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։
12 Տերը գիշերը երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այս տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերության տուն։
13 Եթե ես փակեմ երկինքը, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի երկիրը, եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդին,
14 և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։
15 Արդ իմ աչքերը բաց և իմ ականջները լսող կլինեն այստեղի աղոթքին։
16 Արդ, ես ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունն այստեղ լինի հավիտյան, և իմ աչքերն ու իմ սիրտն այստեղ լինեն ամեն ժամանակ։
17 Եվ դու էլ, եթե իմ առջևից գնաս, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և անես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, ու պահես իմ կանոններն ու հրահանգները,
18 այն ժամանակ քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես որ ուխտեցի քո հայր Դավթին՝ ասելով. “Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասի քեզանից”։
19 Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց,
20 ապա ես նրանց (իսրայելացիներին) կպոկեմ այն երկրից, որ տվեցի ձեզ, և այս տունը, որ ես սրբագործել եմ իմ անվան համար, դեն կգցեմ և այն առակ ու խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։
21 Եվ ով որ անցնի այս վեհաշուք տան մոտով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այսպես արեց այս երկիրն ու այս տունը”։
22 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։